02 12 2024

Թաղապետարանի կորպորատիվ` հարկատուի գրպանից․ Factor.am

Թաղապետարանի կորպորատիվ` հարկատուի գրպանից․ Factor.am

Սառը խորտիկներ, խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների ամանորյա կորպորատիվը շուրջ երկու միլիոն դրամ կարժենա։ Գումարը կվճարվի համայնքային բյուջեից։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն 998 հազար դրամով: Բացի այս ընկերությունից՝ էլեկտրոնային աճուրդին մասնակցել է նաև 2024-ի հունիսին հիմնադրված «Գարանտ 24» ՍՊԸ-ն։ Բայց, ի տարբերություն «ՍՓՈՐԹ ՍԵՐՎԻՍ»-ի, այս ընկերությունն անհավանական բարձր գին է առաջարկել՝ 456 մլն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ միջոցառման համար նախատեսված բյուջեն 2 միլիոն դրամ է:  Factor․am-ն ուսումնասիրել է Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցների համար ամանորյա միջոցառման կազմակերպման պայամանագրի տեխնիկական բնութագիրը, պարզվում է՝ հյուրասիրությունը կազմակերպվում է 110 հոգու համար։

Իսկ ի՞նչ է մատուցվելու հյուրերին: Ըստ տեխբնութագրի՝ բարձրակարգ ռեստորանում առաջարկվելու են բազմապիսի նախուտեստներ, խորտիկներ, տաք ուտեստներ, բարձրակարգ խմիչքներ ու թարմ մրգեր: Հանդիսության անցկացման վայրն ընտրվելու է Աջափնյակ վարչական շրջանի կամ Երևան քաղաքից դեպի Արագածոտնի մարզ մինչև 5 կմ հեռավորության վրա բարձրակարգ ռեստորաններից մեկում։

Ճաշացանկը հետևյալն է․

Նախուտեստ`

խոշոր սև և կանաչ ձիթապտուղ,  կիտրոն,  առնվազն 4 տեսակի պանիր,  լոլիկ,  վարունգ,   քաղցր, կծու պղպեղ, խառը կանաչի, քամած մածուն, ռեժան,  թթու, 

Սառը խորտիկներ՝ ապխտած երշիկ,  ֆիլե,  բաստուրմա,  սուջուխ,  ռուլետ,  պաշինա,  ձկան տեսականի,  մայրաքաղաքային, ցեզար, փաթաթած սմբուկ, տավարի մսով և սալորաչրով աղցաններ, 

Տաք ուտեստներից՝ խոզի, հորթի, գառան խորոված տապակած կարտոֆիլ,  խորոված թառափ,  ուզբեկական փլավ, հացի տեսականի, լավաշ, 

Խմիչքներից՝ բարձր կարգի, առնվազն 10 տարվա պահպանման, 0.7լ գործարանային, շշալցված կոնյակ,  բարձր կարգի ալֆա սպիրտից 0.7լ գործարանային, շշալցված օղի, կարմիր և սպիտակ կիսաչոր, բարձր կարգի գինի,  զովացուցիչ ըմպելիքներ,  բնական հյութեր,  1լ բարձրորակ կոմպոտներ,  գազավորված ըմպելիք,  բարձրորակ՝ 0.5լ գործարանային, շշալցված հանքային ջրեր, 

Մրգերից՝ նարինջ, մանդարին, խնձոր, բանան, թուրինջ, կիվի,  աղացած, լուծվող սուրճ,  սև և կանաչ թեյ։

Ըստ տեխնիկական բնութագրի՝ սրահը պետք է հագեցած լինի օդափոխության և լուսաձայնային համակարգերով։ Փորձառու հանդիսավար ու դիջեյ էլ է պահանջվում, սպասարկող տեխանձնակազմով համապատասխան ձայնային տեխնիկան ևս պարտադիր է։ Այս միջոցառմանը պիտի մասնակցեր Աջափնյակ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը, քանի որ մրցույթը նրա օրոք է հայտարարվել։ Բայց նա նոյեմբերի 8-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, և վարչական շրջանի ղեկավար նշանակվեց նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ